ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթը

Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթը

ՄԱԶԾ  «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում  գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը  ներառյալ, որի համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը:

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող  ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։

«Իմ Գյուղը» նախագծի շահառուների ընտրության նպատակով ՄԱԶԾ ԿՀ-ն ձևավորել է մրցութային հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների  և   ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի  ներկայացուցիչների մասնակցությամբ

44«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 

  • Կիսվել: