երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մեկնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրություն

Մեկնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրություն

Փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները՝ անդրադառնալով խնդիրներին ու մարտահրավերներին:

Ուսումնասիրությունը կենտրոնանալու է տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներից մի քանիսի շուրջ, ներառելով՝

• Սննդամթերքի և խմիչքի արտադրություն,

• Տեքստիլ, հագուստի և կաշվե իրերի արտադրություն,

• Դեղագործական, գիտահետազոտական և տեխնոլոգիական արտադրություն,

• Համակարգչային ծրագրավորում և խորհրդատվական ծառայություններ

 

Վերհանելով այս ոլորտներում աճի կարևորագույն գործոնները և հնարավոր խոչընդոտները՝ ուսումնասիրությունը կնպաստի քաղաքականության մշակման և աջակցման ծրագրերի մշակման գործընթացին՝ նպաստելով Հայաստանի ՓՄՁ կայունության և արտադրողականության բարձրացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը:

Ուսումնասիրության արդյունքում կդիտարկվի Հայաստանում ՓՄՁ մրցունակության բարձրացման կենտրոնի ստեղծման նպատակահարմարությունը: Այն կարող է ծառայել որպես Հայաստանի ՓՄՁ փոփոխվող կարիքներին հարմարեցված շարունակական աջակցության, գիտելիքների փոխանակման և ռազմավարական զարգացման մշտական կենտրոն:

Ուսումնասիրությանը մասնակցելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք․

 

• Ստանալ անհատական «Մրցունակության համեմատական հաշվետվություն», որը կարտացոլի Ձեր կազմակերպության մրցունակության չափանիշները և կազմակերպության դիրքը շուկայում՝ համեմատելով Հայաստանում և տարածաշրջանում նույն ոլորտում գործող ՓՄՁ-ների հետ:

• Մասնակցել փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով կազմակերպվող սեմինարներին և միջոցառումներին՝ ամրապնդելով կապը ՀՀ բիզնեսների հետ։

Հավաքագրված բոլոր տվյալները մնալու են անանուն՝ մասնակիցների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։

Հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ՝ https://globaleysurvey.ey.com/jfe/form/SV_72vgskjkVpbJzee։

Հարցման մասնակցության վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 21։

Այս ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել առավել մրցունակ բիզնես միջավայր: Առաջարկում ենք նշված ոլորտներում գործող ՓՄՁ-ներին օգտվել այս հնարավորությունից և դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության առավել կայուն ապագայի ձևավորման գործում:

  • Կիսվել: