ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան. Փաշինյան

Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան. Փաշինյան

Արդյոք նախագծի շրջանակներում կարգավորվում է այն հարցը, որ պարտադիր ժամկետային զինծառայությունից տարբեր հիվանդություններով ազատված քաղաքացիները, որոնք վարորդական իրավունք են ձեռք բերում կամ ձեռք են բերել, իմանան, որ այսուհետ այն հիվանդությունները, որոնք հակացուցված են վարորդական իրավունք ունենալու համար, օրինակ, հոգեկան խնդիրներով, տարբեր աստիճանի տեսողության խնդիրներով, ունենան հետևանքներ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, կառավարության նիստում հայտարարեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ դիմելով ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանին։

«Սա մի կողմից բանակից զարտուղի ճանապարհով ազատվող մարդկանց համար կլինի դաս, որ իրենք չեն կարող մեքենա վարել երբեք, և մյուս կողմից այն մարդիկ, որոնք իրապես հիվանդ են, նրանք էլ կիմանան ուղղակի, որ իրենք մեքենա վարել չեն կարող»,–ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Պարոն Պապիկյանն անդրադառնում է մի իրավիճակի, որ մենք հընթացս բացահայտեցինք, որ մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից և այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական իրավունքի հետ, մեկ էլ տեսնում ենք այդ մարդիկ վարորդական իրավունք ունեն։ Ասում ենք բա այս ո՞նց, ուրեմն այստեղ մի բան էն չի։ Հետևաբար թվայնացում այստեղ էլ այդ հարցը պիտի լուծի, եթե մի տեղ արձանագրվել է, որ այդ պրոբլեմը կա, այդ անձի պրոֆիլում պետք է կարմիր լույսը վառվի և ավտոմատ արգելք դրվի, որ էս մարդը չի կարող ունենալ վարորդական իրավունք, մինչև էս խնդիրը չպարզաբանվի»։

Արձագանքելով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Նախաձեռնությունը ըստ էության բոլոր հարցերը փարատում է։ Մեր խնդիրն էլ էր էդտեղից գալիս, որովհետև տեսնում էինք, որ պարեկները հանդիպում են ճանապարհներին էնպիսի անձանց, որ պլատֆորմով երևում են հոգեկան-առողջական խնդիր ունեցող կամ թմրաբանական հաշվառում են ունեցել, բայց մինչ այդ պահը որևէ ձևով հասանելի չի դարձել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը այդ տեղեկատվությանը։

Այս պահի դրությամբ արդեն ավտոմատ տվյալները կթվայնացվեն անընդհատ «Արմեդում», և երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա»։

Վարչապետը նկատեց, որ նաև սա է պատճառը, որ թվայնացումը դիմադրության է հանդիպում. «Մարդը թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում բ ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆինանսների նախարարությունում ինքը կատարյալ առողջ է, սոցապ նախարարությունում ինքը պատերազմի վետերան է։ ՈՒ այս տվյալները ոչ մի տեղ չեն համադրվում։ Թվայնացումը բերում է նույն դաշտ, որ ոնց մի րոպե, պետք է կողմնորոշվենք, ինքը կամ հիվանդ է, կամ առողջ է, կամ վետերան է»։

  • Կիսվել: