Մախաչկալայում վայրէջք կատարած ինքնաթիռը շուտով կմեկնի Մոսկվա. ՀՀ քաղավիացիա
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, շուտով կմեկնի Մոսկվա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Որոշ ժամանակ անց Ռոսավիացիայից հայտնեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։
«Տեխնիկական խնդիր է եղել, որոշ ժամանակ հետո կթռչի Մոսկվա։ Դեռ չենք կարող ասել` երբ»,– ասացին կոմիտեից։
Նշենք, որ Boeing 737-800 ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց Դաղստանի վրայով թռչելիս տագնապի ազդանշան է տվել և սկսել է իջնել 3000 մետր բարձրությունից։
Այս պահին «Պոբեդա» ավիաընկերության մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։



