ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ ՀՀ-ում ջերմաարդիականացվել են շուրջ 140 շենքեր
Խորհրդի նիստին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (ծրագրի խորհրդի համանախագահ), Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (ծրագրի խորհրդի համանախագահ), նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։ Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է ծրագրի կարևորությանը Հայաստանի Հանրապետության համար․ «Կառավարության 2021-2026 թթ․ ծարագրով կարևորվում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը։
Այս մոտեցումը լիարժեք արտացոլվում է էներգաարդյունավետության խթանման միջոցառումներում՝ լինի դա շենքերում, տրանսպորտում, արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում»,- նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է ծրագրի իրականացման ազդեցությանը Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա:
«Փարիզյան համաձայնագրի և Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում չափազանց կարևորվում են էներգաարդյունավետության խնդիրները։
Այս ծրագրի բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են շենքերում էներգասպառումից, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետությունում սպառված էներգիայի 37 տոկոսը: Ակնհայտ է, որ շենքերում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բացի սոցիալական օգուտներից, համապատասխանում է նաև մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացմանը և շենքային ֆոնդի պահպանության քաղաքականությանը»,- նշել է նախարարը:
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը, ով ներկայացրել է 2022 թվականի համար ծրագրի առաջընթացի հաշվետվությունը և առաջիկա գործողությունները, առկա խնդիրները, մարտահրավերներն ու խոչընդոտները և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ, ծրագրի 1-ին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը, որին հաջորդել է ընդլայնված քննարկում։
Քննարկման ընթացքում նախարարը կրկին կարևորել է հանրության հետ տարվող աշխատանքի համակարգվածությունը, որից էլ մեծապես կախված է ծրագրի արդյունավետությունը։
Ընդհանուր առմամբ ծրագրի օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ ջերմաարդիականացվել են շուրջ 140 շենքեր, որոնցից 98-ը բնակելի և 42-ը՝ հասարակական։
Հիմք ընդունելով 2021թ․ Ծրագրի խորհրդի առաջարկը, ՄԱԶԾ-ն դիմել է Կլիմայի կանաչ հիմնադրամին Ծրագրի գործողության ժամկետը 36 ամսով երկարաձգելու համար։ Հանդիպման ավարտին նախարարը գործընկեր գերատեսչություններին հորդորել է ավելի սերտացնել համագործակցությունը ծրագրի հետ, նպաստելով հասարակական շենքերի վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների լիարժեք ներառմանը՝ դրանով իսկ ծառայելով բնապահպանական օրակարգին։