կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի՝ համայնքային կարևոր նշանակության 50 շենքերում կտեղադրվեն փոքր մասշտաբի ինքնավար արևային ՖՎ կայաններ

Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի՝ համայնքային կարևոր նշանակության 50 շենքերում կտեղադրվեն փոքր մասշտաբի ինքնավար արևային ՖՎ կայաններ

Հայաստանի երեք մարզում՝  Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, իրականացվում է «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը։ 

 Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից իրականացվող  ծրագրի շրջանակներում նշված մարզերի  էներգետիկ տեսանկյունից աղքատ համայնքներում, հատկապես ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններում և համայնքային շենքերում,   կիրականացվեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներ՝ փոքր մասշտաբի ինքնավար արևային ՖՎ կայանների տեղադրում, պատուհանների փոխարինում, տանիքների ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում և այլն։ 

Հայաստանի մայրաքաղաքից  հեռու բնակավայրերի համար կարևոր նշանակություն ունեցող դրամաշնորհային այս ծրագիրն իրականցվում է «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի շրջանակներում։  

Արդեն ընտրվել են  Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի համայնքային կարևոր նշանակության հիսուն այն  շենքերը, որտեղ «ԷկոՎիլ» ընկերությունը, որն ընտրվել է նախապես հայտարարված մրցույթով, կտեղադրի փոքր ՖՎ կայաններ (մինչև 5 կՎտ)։ Այդ շենքերում կիրականացվեն  նաև ջերմամեկուսացման միջոցառումներ։ Ընտրությունը կատարելիս  առաջնահերթությունը տրվել է կանանց և երիտասարդների համար հատուկ նշանակություն ունեցող հանրային ենթակառուցվածքներին, ինչպիսիք են մանկապարտեզը, առողջապահական, մշակութային, սպորտային կենտրոնները և այլն։ Ընտրության ժամանակ կարևորվել է նաև ուղիղ շահառուների քանակը, խոցելի խմբերի ներգրավվածությունը, այդ թվում՝ ԼՂ-ից տեղահանված շահառուների քանակը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում  վերոնշյալ մարզերի /գյուղական համայնքների/ 20 տնային տնտեսություններում կիրականացվեն  ջերմամեկուսացման միջոցառումներ, որոնց արդյունքում կկրճատվի վառելիքի օգտագործման ծավալը, կնվազի կենցաղային ծանրաբեռնվածությունը, կբարելավվի  էներգաարդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի պահպանության ու կայունության,  ջերմոցային գազերի արտանետման կրճատման վրա։

 

  • Կիսվել: