Կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ՝ խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2026 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, ըստ որոնց՝
– խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից 2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը,
– 2024 և 2025 թթ. տրամադրված վարկերի համար՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ 2026 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում վարկերի մայր գումարի մարման համար սահմանված ժամկետների փոփոխության հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն 2024 կամ միայն 2025 թ. տրամադրված վարկերի համար,
– 2024 կամ 2025 թթ. տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչև 6 ամիս լրացուցիչ ժամկետներով և վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում այդ վարկերի շրջանակներում տրամադրված բյուջետային երաշխիքների գործողության ժամկետները չեն երկարաձգվում։
Արդյունքում՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, ինչպես նաև կմեղմվի վարկերի սպասարկման բեռը։
Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023-2025 թթ. խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվել են բյուջետային երաշխիքներ։ Մինչև 2023 թ. տրամադրված բյուջետային երաշխիքները մարվել են սահմանված ժամկետներում, իսկ 2023, 2024 և 2025 թվականներին տրամադրված բյուջետային երաշխիքների մարումները կավարտվեն 2027 թ. ընթացքում և 2028 հունվար-մարտ ամիսներին։ 2023 թ. բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2․7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, 2024 թ.՝ 4 կազմակերպության շուրջ 3․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով, իսկ 2025 թ.՝ 6 կազմակերպության շուրջ 4․6 մլրդ դրամի չափով՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
Մեկ այլ՝ չզեկուցվող որոշմամբ էլ, խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Կառավարությունը շարունակում է հետևողականորեն աշխատել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Վարչապետն ընդգծել է նաև, որ արտահանման մասին խոսելիս, հատկապես՝ սեզոնային գյուղմթերքի դեպքում, պետք է հաշվի առնել նաև զբոսաշրջությունը։ «Զբոսաշրջությունն էլ է արտահանում, որովհետև այն նույն միրգը, բանջարեղենը, որը զբոսաշրջիկը պետք է իր երկրում ձեռք բերեր, Հայաստանում է ձեռք բերում»,- ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ այս տարվա զբոսաշրջային հոսքերը թույլ են տվել իրավիճակը պահել կառավարելի. «Հատկապես խաղաղության միջավայրում և խաղաղության պայմաններում, կարծում եմ, Հայաստանի զբոսաշրջային ողջ պոտենցիալն օգտագործելու խոչընդոտներ չկան, և այս ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն պետք է շարունակենք»։



