երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Կստորագրվի փաստաթուղթ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ

Կստորագրվի փաստաթուղթ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ

Երեք ամսվա ընթացքում կստորագրվի փաստաթուղթ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Այն կստորագրվի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ: «Աշխատանքային խումբ է ձևավորվում։ Նախնական կոնսուլտացիաներ ունեցել ենք։ Ուժեղացված ռեժիմով աշխատելու ենք։ Երեք ամսվա ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր դրա վերաբերյալ։ Մենք աշխատում ենք փաստաթղթի նախագծի շուրջ: ...Նախապատրաստվում է առաջիկա տարիների համար համապարփակ համագործակցության փաստաթուղթ, որում նշվելու է նաև նոր ատոմային բլոկի կառուցումը»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝  էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանը` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ բանակցություններում քննարկվում են տեխնիկական և ֆինանսական լուծումները։

«Մենք կհամաձայնենք տեղադրել այն բլոկը, որ փորձարկված է, անվտանգ է, և դրա վերաբերյալ կան բոլոր եզրակացությունները։ Անկեղծ չեմ կարող պատասխանել՝ մոդուլյա՞ր կդնենք, թե՞ հզոր մեկ բլոկ։ Որովհետև այդ հարցին պատասխանելու համար մեծածավալ ինժեներական աշխատանքներ պետք է կատարվեն… Եթե այսօր հնարավորություն ունենայինք մեկ հզոր՝ ասենք 1200 ՄՎտ-անոց բլոկ ունենալու, ես ամենակողմը կլինեի, որովհետեւ դա փորձարկված է, դրված է աշխարհի շատ երկրներում, կապիտալ ծախսերի տեսանկյունից ամենաէժանն է եւ այլն, եւ այլն, ունի մի շարք առավելություններ։ Հակառակը՝ ինչքան փոքր, այնքան թանկ, այնքան սպասարկման խնդիրները՝ մեծ։ Բայց դա չի նշանակում, որ ավանդականը ճիշտ է, մյուսը՝ սխալ կամ հակառակը։ Իհարկե, մենք ավանդական ատոմային բլոկների շահագործման փորձ ունենք։ Եվ մեզ համար ավելի լավ կլիներ մեկ բլոկ ունենալ, որպեսզի մեր փորձը կիրառենք եւ նոր բան չփորձենք»։ 

Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այն կշահագործվի մինչև 2026թ-ը: Չի բացառվում, որ շահագործումը կերկարաձգվի մինչև 2036 թվականը: Իսկ նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2026-2027 թվականներին, ինչի համար կպահանջվի 8-10 տարի:

Նշենք, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման գործում դիտարկվում է  միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից ներդրում կատարելու հարցը: Ռոման Տրոցենկոն Հայաստանում գործող ոսկու և պղինձամոլիբդենային հանքարդյունաբերող ընկերությունների խոշոր բաժնետեր է:

  • Կիսվել: