շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կսահմանվեն դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

Կսահմանվեն դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում լրացումներ է կատարել «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացները կարգավորելու նպատակով:

Արդյունքում կսահմանվի գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թ.: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը՝ մասնակից շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների համար, միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքները:

Այսպես՝ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար:

Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Սահմանվում է նաև, որ կապալառուն է ապահովում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական (պարզ) փորձաքննությունը:

Առաջարկվում է նաև լրացում կատարել տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացները կանոնակարգելու նպատակով, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համամասնությամբ՝ հաշվարկի համար հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020-2023 թթ. կազմակերպված մրցույթների կամ գնանշման հարցումների արդյունքում ձևավորված պայմանագրային արժեքները և դրանց միջակայքերը:

  • Կիսվել: