չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական սահմանափակումներին դեմ եմ լինելու. նախարար

Կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական սահմանափակումներին դեմ եմ լինելու. նախարար

Եթե զարգացման տեմպը պահենք, 2021-ի ավարտին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նա նշեց, որ բազմաթիվ նախագծեր ընթացքի մեջ են, շատերն էլ մեկնարկում են, մասնավորապես, ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգում միլիոնավոր ներդրումներ են արվել պետական օժանդակությամբ, բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ կան, ակտիվություն կա նաև արդյունաբերության ոլորտում: 

էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2020-ին զբոսաշրջության ոլորտում մեծ անկում է արձանագրվել, այս տարի մարտին արդեն Երևանում տուրիստներ կան՝ իրանցիների խմբեր, ապրիլի համար ամրագրումների թիվն ավելի մեծ է, իսկ մայիսից, ըստ Քերոբյանի, նախատեսում են մտնել նորմալ տեմպի մեջ:

«Այս տարվա տուրիզմի ոլորտի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվել է 319 տոկոս, ինչը 2019-ի ցուցանիշի նկատմամբ պակաս է 25 տոկոսով, 2020-ի նկատմամբ ավելի է +319 տոկոսով»,- նշեց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության աճող ցուցանիշների հետևանքով հնարավոր տնտեսական սահմանափակումներին՝ նախարարն ասաց, որ ամեն ինչ անում են, որ խստացումներ չլինեն, և դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները: «Սահմանափակումները վատ են տնտեսության համար, և ես դեմ եմ լինելու դրանց, սակայն եթե առողջապահության համակարգը չհասցնի սպասարկել, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ՝ մենք կկարողանանք այդ սցենարից խուսափել»,- ընդգծեց Քերոբյանը:  

  • Կիսվել: