ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Կոնյակով բեռնված հայկական 52 բեռնատար այսօր Վրաստանից շարժվել է դեպի Ռուսաստան. Պապոյան

Կոնյակով բեռնված հայկական 52 բեռնատար այսօր Վրաստանից շարժվել է դեպի Ռուսաստան. Պապոյան

 

Կոնյակով բեռնված հայկական 52 բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ես երեկ խոսեցի Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ, նա ինձ խոստացավ, որ 33 մեքենա կթողնեն, բայց հետո ինձ տեղեկացրեցին, որ Վրաստանը դրական վիզայով դեկլարացիա է տվել է 52 մեքենայի համար»:

Ըստ Պապոյանի՝ այս պահին Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է՝ պատրաստ ճանապարհ ընկնելու։

«Կա կոնկրետ պայմանավորվածություն ու կոնկրետ մեխանիզմ, որոնք դեռևս քննարկման մեջ են։ ՀՀ կառավարության միջամտության հետաևանքով կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ արտահանողների ապրանք այսօր կհասնի ՌԴ, ինչը կարևոր ու կենսական նշանակություն ուներ նրանց համար»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին կայցելի Հայաստան, և այցի ընթացքում կքննարկվի նաև Վրաստանում մնացած հայկական բեռնատարների խնդիրը։ Պապոյանն ասաց, որ նախարարի այցը չի հետաձգվել։ Վաղը հանդիպումը տեղի կունենա, ու խնդիրը կլուծվի վերջնականապես։
Հավելենք նաև, որ մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

  • Կիսվել: