երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կմեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները

Կմեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները

Գործադիրն ընդունել է «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին» որոշում, որով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման:

Հիմնավորման համաձայն՝ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է Թույլատրել «Ջրառ» ՓԲԸ տրված ջրօգտագործման թույլտվության շրջանակում և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանը իրենց կողմից շահագործվող ջրային համակարգերի միջոցով՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով, Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման:

Որոշմամբ սահմանված գործողություններն առաջարկվում է տարածել 2023 թ. նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա, քանի որ էկոլոգիական անբարենպաստ վիճակով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածից որոշակի ծավալով ջրալրումներ են իրականացվել։

Հաշվի առնելով այն, որ իրականացված ջրալրումները չեն օգտագործվել ոռոգման նպատակով՝ առաջարկվում է տվյալ ջրածավալների նկատմամբ ևս հասույթ չձևավորել։ Նշված միջոցառման իրականացման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն կանխել ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումը և մեղմել արտեզյան հորիզոնների, ինչպես նաև Մեծամոր գետի ջրատվության նվազման հետևանքները։

  • Կիսվել: