ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը

Կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից մեկն է: Փաստաթղթի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում բնակվող երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ Աբովյան քաղաքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործում են 3 ավագ դպրոց և 1 կրթահամալիր, իսկ ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ՝ 5 հիմնական դպրոց։ Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցը գտնվում է Աբովյան քաղաքի ծայրամասում՝ Սարալանջ թաղամասում, ունի 1067 սովորող: Ավագ դպրոցը համարվում է թերբեռնված: Իսկ քաղաքում գործող հիմնական դպրոցները գերբեռնված են, և երեխաների ընդունելությունը կազմակերպելիս հաճախ առաջանում են դժվարություններ։

Ըստ այդմ, նախարարությունն առաջարկում է փոփոխել թիվ 6 ավագ դպրոցի գործունեության առարկան և ենթակայությունը և սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ), հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է: 2024-2025 ուսումնական տարվանից ավագ դպրոցի 10-րդ դասարանում սովորողների ընդունելություն չկատարել՝ մարման կարգով ապահովելով 11-12-րդ դասարանների սովորողների ուսումնառության բնականոն ընթացքը։

  • Կիսվել: