կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Խնդիրը լուծված է». ՀՌՀ նախագահը` Sputnik ռադիոկայանի հեռարձակումը վերականգնելու մասին

«Խնդիրը լուծված է». ՀՌՀ նախագահը` Sputnik ռադիոկայանի հեռարձակումը վերականգնելու մասին

 Sputnik ռադիոկայանի հետ կապված խնդիրը լուծված է` եթերը վերականգնված է, և ռուս գործընկերների հետ ակտիվ կապ կա խնդիրների ծագման դեպքում արագ արձագանքելու համար։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ–ն 2023 թ. դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել էր լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել էր 500 հազար դրամով։ Այս տարվա հունվարի 25–ին Sputnik Արմենիան վերադարձավ եթեր (106.0 հաճախականությամբ)։

«Այն, ինչ թույլատրված է հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին։ Մենք ձևավորում ենք մեր տեղեկատվական օրակարգը` իր քննադատությամբ, իր օրակարգով։ ՀՀ–ն` որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը, նստած օտար ափերում, հայհոյի Հայաստանին, հայ ժողովրդին ու նրա ղեկավարությանը` անկախ նրանից` մենք սիրում ենք նրան, թե ոչ»,– նշեց Հակոբյանը` ավելացնելով, որ նույն հաղորդման հետ կապված կար նաև օրենքի խախտում։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Sputnik ռադիոկայանի հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը դատական հայց է ներկայացրել ՀՌՀ–ի դեմ, ապա, ըստ Հակոբյանի, «Տոսպան» ընդունել է, որ սխալ են թույլ տվել եթերում, սակայն համարում են, որ ՀՌՀ որոշումը ադեկվատ չէր ու շատ ավելի կոշտ էր, քան արարքը։
«Մենք գտնում ենք, որ այդպես չէ»,– ասաց Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով` խնդրի լուծմանը նպաստեցին նաև ՌԴ–ից ՀՀ եկած պատվիրակության հետ հանդիպումներն ու բանակցությունները։

  • Կիսվել: