չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանում այս պահին խաղողը մթերվում է բավականին բարձր գնով․ Պապոյան

Հայաստանում այս պահին խաղողը մթերվում է բավականին բարձր գնով․ Պապոյան

Երկու շաբաթ առաջ սկսվել է խաղողի մթերումը: Ընկերություններն այս պահին խաղողը  մթերում են 140-150 դրամով:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են։

«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140-150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Նվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու միտում ունեն: Եվ սա այն պարագայում, երբ ամեն տարի Հայաստանում խաղողի բազմաթիվ ինտենսիվ ու ոչ ինտենսիվ այգիներ են հիմնվում»,-ասաց Գևորգ Պապոյանը։

Նախարարի պնդմամբ՝ մթերումների հետ կապված էկոնոմիկայի նախարարությունը դեռևս գյուղացիներից բողոքներ չի ստացել:

Պապոյանն ընդգծեց, որ գյուղացիները վճարումների ուշացման հետ կապված խնդիրներ չեն ունենա, հարցին օրենքի դաշտում լուծում է տրվել։

«ՀՀ կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն օրենք է ընդունել, որով բոլոր մթերողները պարտավորվել են 1 ամսվա ընթացքում վճարել գյուղացիներին, մինչդեռ նախկինում վճարում էին 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում: Սա շատ կարևոր է, գյուղացիները ստիպված չեն լինի ամիսներով սպասել»,-եզրափակեց  նախարարը:

 

  • Կիսվել: