շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կենտրոնական բանկի կայքում հրապարակվելու են նոր վիճակագրական ցուցանիշներ

Կենտրոնական բանկի կայքում հրապարակվելու են նոր վիճակագրական ցուցանիշներ

Հաշվի առնելով վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջարկը և նպատակ ունենալով ընդլայնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության ծածկույթը՝ ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։ 

Նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ։ Ցուցանիշները հրապարակվելու են աղյուսակների տեսքով ՀՀ կենտրոնական բանկի կայքում՝ ամսական և եռամսյակային պարբերականությամբ:

Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ վարկատուների վարկային պայմանների և ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների ու սպասումների հարցումների արդյունքները: 

Առաջին անգամ հրապարակվող վիճակագրության ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԿԲ կայքում:

  • Կիսվել: