ԿԲ նախագահը՝ գազի գնի հնարավոր թանկացման դեպքում գնաճի թվերի մասին
Հայաստանի կենտրոնական բանկի իրականացրած սթրես թեստի համաձայն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի 10 տոկոս բարձրացումը կարող է բերել 0,6 տոկոս գնաճի՝ հաշվի առնելով նաև էլեկտրաէներգիայի և արտադրական ծախսերի վրա ազդեցությունը։
Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ ռուսական գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցին։
Ղազարյանը նշել է, որ գազի գինն ազդում է ոչ միայն բնակչության ծախսերի, այլև էլեկտրաէներգիայի և արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի վրա՝ խնդրելով ներկայացնել ԿԲ-ի գնահատականները։
Գալստյանը շեշտել է, որ ներկայացվող հաշվարկը պայմանական սթրես թեստ է։
«Մենք այդ հաշվարկներն արել ենք, ուղղակի դա սցենար չէ, դա սթրես թեստ է»,- ասել է ԿԲ նախագահը։
Նա բացատրել է, որ հաշվարկում դիտարկվել են ինչպես գազի ու էլեկտրաէներգիայի գները, այնպես էլ էլեկտրաէներգիա օգտագործող ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի փոփոխությունը։ Այդ հաշվարկով՝ գազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոս, իսկ 10 տոկոս բարձրացման դեպքում՝ 0,6 տոկոս։
Միաժամանակ Գալստյանը զգուշացրել է, որ գազի գնի տարբեր չափերի բարձրացման ազդեցությունը չի կարելի մեխանիկորեն համեմատել։
«Այնտեղ կան, բնականաբար, ոչ գծային գործոններ։ Այսինքն՝ 10 տոկոսը և 100 տոկոսը կարող են իրարից էապես տարբերվել»,- նշել է նա։
ԿԲ նախագահը գազի հնարավոր թանկացումը դասել է փոքր հավանականություն, սակայն մեծ ազդեցություն ունեցող ռիսկերի շարքին՝ նշելով, որ ԿԲ-ն քննարկում է նաև այդպիսի զարգացումները։


