ԿԲ-ի առաջարկով սառեցվել են այն վարկերը, որոնք խարդախների պատճառով են ստեղծվել. Մարտին Գալստյան
ՀՀ կենտրոնական բանկի հորդորով առևտրային բանկերը սառեցրել են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա անդրադարձավ վերջին շրջանում առավել ակտիվացած խնդրին, ըստ որի` զեղծարարները խարդախությամբ կարողանում են կորզել քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անունով ձևակերպել առցանց վարկեր։ Տուժած քաղաքացիները շուրջ մեկ տարի է` բողոքի ակցիաներ են անցկացնում բանկերի դիմաց` պահանջելով չեղարկել այդ վարկերը և ազատել իրենց տույժ–տուգանքներից։
«Մենք ենք հորդորել բանկերին` գտնել լուծման ճանապարհ ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար»,– նշեց Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են։
«Այդ հարցը տրիվյալ հարց չէ, մենք հանձնառություն ենք վերցրել` նայելու ՀՀ–ում տեղի ունեցած բոլոր այս տիպի էպիզոդները, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում մեզնից, քանի որ ամեն քեյս յուրահատուկ է, ու դրանք բոլորը հատ առ հատ նայելու ենք։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր տուժած քաղաքացիներին»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ բանկերում, որոնց ուղղված եղել են բողոքները, անհատական, խորքային ստուգումներ, ուսումնասիրություններ է ԿԲ–ն իրականացնում։ Այս պահի դրությամբ խոսքը 3–4 բանկի մասին է։
«ՀՀ–ում կան բանկեր, որոնք ծայրահեղ խիստ են մոտենում` կիբեռանվտանգության հարցերում հիգիենայի պայմանները մինիմալից մի բան էլ ավելի բարձրացնելով։ Հիմա մենք քննարկում ենք` կարող ենք մշակել մի ստանդարտ, որը ունիֆիկացված` միասնական, ներդրվի բանկային համակարգում` այս պահին այդ խնդիրները լուծելու համար։ Խնդիրն այն բարդության, խորության ու կարևորության է, որ մենք պետք է ադեկվատ արձագանք տանք։ Իսկ խնդիրը կարող ես լուծել, եթե քո դիագնոստիկան է ճիշտ»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Նա վստահեցրեց, որ ցանկանում են գտնել այն ոսկե միջինը, որտեղ կունենան բանկային նորարարություն, նոր պրոդուկտներ և միաժամանակ` մաքսիմալ պաշտպանված սպառող։ Քանի որ ամեն օր բանկային նոր պրոդուտ է ստեղծվում, ըստ նրա` ԿԲ–ն չի կարող ու չունի այդքան ռեսուրս, որպեսզի հետևի բոլորին ու կարողանա կանխել կիբեռհանցագործությունը։