Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին. Եվրոպական ֆեդերացիայի նախագահ
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսն ու Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
«Մենք շնորհակալ ենք Հայաստանի պատասխանատու նախարարությանը կարատեի Եվրոպայի այս առաջնության կազմակերպմանն աջակցելու համար: Մեզ համար իսկապես գնահատելի է նաև Հայաստանի կատարեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի նվիրվածությունը մարզաձևին: Ուրախ եմ նաև այն հանգամանքի համար, որ մոտ երկու տարի անց մենք կրկին կլինենք Հայաստանում, քանի որ այստեղ կանցկացվի պատանեկան առաջնությունը: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին»,-ասաց Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանն ընդգծեց, որ կազմակերպչական աշխատանքները գրեթե ավարտված են:
«Նախապատրաստական աշխատանքները սկսել էինք մեկ տարի առաջ: Հայաստանի հավաքականն էլ մեծ աշխատանք է կատարել մինչ այս մրցաշարը»,-ասաց Հարությունյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է մեծ պատվով հյուրընկալելու կարատեի Եվրոպայի այս առաջնությունը:
«Այս պահը հայկական սպորտի պատմությունում իսկապես պատմական է, քանի որ 60-րդ հոբելյանական մրցաշարը կանցկացվի մեր երկրում: Հյուրընկալել ենք 50 երկրի 1000 մարզիկների: Հայաստանի Հանրապետության ռազմավարությունում եղել ու մնում է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու առաջնահերթությունը»,-ասաց նա:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մայիսի 7-11-ը: