կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կազմվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը

Կազմվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Զեկույցներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները:

Նախ` ներկայացվել են առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձևավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը:  Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության և հիվանդացության բեռի նվազեցումը: Նախագիծը լրամշակումից հետո ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով` բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար:

Ստեղծվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստր», որի նպատակը Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան ունենալն է։ Ստեղծվել է բժշկական արագ արձագանքման թիմ, որը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնի ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնելիս:

2023 թ. 9 ամիսների ընթացքում վիրուսային Հեպատիտ C-ով պացիենտներին տրամադրվող անվճար բուժօգնության ծրագրին է դիմել 826 պացիենտ, որից 649–ը բուժում է ստացել, մնացածը գտնվում են բուժման ընթացքում: 2024 թ. նախատեսվում է ծրագրում ներառել 1440 պացիենտի:

  • Կիսվել: