երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կարմիր գծերի թանկացումից Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 150 մլն դրամ եկամուտ է ակնկալում

Կարմիր գծերի թանկացումից Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 150 մլն դրամ եկամուտ է ակնկալում

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից (կարմիր գծերից) քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։

«Երևանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էինք 1 մլրդ 200 մլն դրամի մուտք։ Բարձրացումը, սակայն, հաջորդ տարի լրացուցիչ 150 մլն դրամ կբերի քաղաքային բյուջե»,– նշեց Ջհանգիրյանը։

Նա ընդգծեց, որ 2022 թվականին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել այս նախագծի քվեարկությանը։ Նա նաև կոչ արեց մյուս ընդդիմադիր խմբակցություններին («Մայր Հայաստան» և «Հանրային ձայն») հետևել իրենց օրինակին։

  • Կիսվել: