Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, գումարը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը. Արարատի մարզի 1 ծրագիր՝ համաֆինանսավորումը 157,1 մլն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր՝ 31,9 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր՝ 310,4 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր՝ 67,6 մլն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր՝ 143,9 մլն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր՝ 323,8 մլն դրամ: «Միաժամանակ նշեմ, որ այս որոշման հաստատմամբ կունենանք 2026 թվականի պետական բյուջեից 8,384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացրած ընդհանուր 15,65 մլրդ դրամ արժեքով»,-տեղեկացրել է փոխնախարարը։
Արմեն Սիմոնյանը ներկայացրել է ծրագրերը. Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ, Դվին բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում/նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85 %, կառուցվել է 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 256 տնային տնտեսություն), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի Խ․ Աբովյան փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,2 կմ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, ասֆալտապատվել է 3,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 3,3 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 168 տնային տնտեսություն), Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիր Աղեկ, Հագվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցում/նորոգում (ավարտված, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 98 տնային տնտեսություն), Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան բնակավայրի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74 շենքերի բակային փողոցների, Զ․ Անդրանիկ, Հ․ Որոտնեցի փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգում (ավարտական փուլ, ասֆալտապատվել է 2․8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 30%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար), Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, սալարկվել է 1739 քմ մակերեսով ճանապարհ), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգում և սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 2354 քմ մակերեսով ճանապարհ)։



