շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը «Լիդիանի» պարտքերի մասով պարտավորություն չի ստանձնել․ էկոնոմիկայի նախարարություն

Կառավարությունը «Լիդիանի» պարտքերի մասով պարտավորություն չի ստանձնել․ էկոնոմիկայի նախարարություն

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս 2023թ․ փետրվարի 22-ին կնքված եռակողմ հուշագրով պարտավորվել է ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրել իր կանոնադրական կապիտալի 12,5 %-ն՝ առանց որևէ ֆինանսական պարտավորության։ Գրում է «Հետք»-ը։

Այսպիսի հավաստիացում ենք ստացել Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Զաքարյանից՝ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին ուղղված մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե արդյոք Կառավարությունը, ստանալով 12,5 % բաժնեմասը, կստանձնի նաև նույն չափով և հետագայում առաջացող պարտավորությունների պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Կառավարությունը որոշեց «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության՝ Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրած կանոնադրական կապիտալի 12.5%-ի չափով բաժնեմասն ընդունել։

Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը մտահոգություն էր հայտնել, որ այդպիսով Կառավարությունը ստանձնելու է նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պատրավորությունների 12,5 %-ը։ Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ընկերության 2022 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության ընդհանուր պարտավորությունները 2022 թ․-ի վերջի դրությամբ կազմել են 542.3 մլն ԱՄՆ դոլար: Նաև ընկերությունը ունի 662.3 մլն ԱՄՆ դոլարի կուտակած վնաս:

«Ինչ է ստացվում, որ երբ Կառավարությունը ընդունի այս 12.5% բաժնետոմսերը կդառնա նաև վերոնշյալ պարտավորությունների և մնացյալի 12.5%-ի տերը. ուստի «Լիդիան Արմենիայի» պարտավորություններից շուրջ 68 միլիոն ԱՄՆ դոլարը կդառնա Կառավարության պարտավորությունը: Բա ինչպես ստացվեց, որ Կառավարությունը այս 12.5% բաժնեմասը ստանում է առանց «որևէ պարտավորության»: Չեմ կարծում, որ նվիրատվության պայմանագրում նշվելու է, թե Կառավարությունը, ստանալով այս «նվերը», բաժին չունի մինչ օրս «Լիդիանի» կուտակած պարտավորությունների և վնասների մեջ: Լիդիանի տերերը միամիտ չեն»,- կարծիք էր հայտնել Հովհաննես Ավետիսյանը:

Համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրության՝ ընկերությունում ստեղծված է պահուստային հիմնադրամ կանոնադրական կապիտալի 15 %-ի չափով։ Էկոնոմիկայի նախարարից խնդրել էինք պարզաբանել, թե արդյոք այս բաժնեմասի՞ց է կատարվել նվիրատվությունը։ Եթե ոչ, ապա որ բաժնետերերն են նվիրել իրենց բաժնեմասը Կառավարությանը և ինչ չափով։

Բացի դրանից, քանի որ ՀՀ կառավարությունը դառնում է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետեր, և ինչպես նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելու է ժողովրդին, խնդրել էինք տրամադրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետերերի ողջ ցանկը՝ իրենց բաժնեմասի չափով։ Իրական շահառուների հայտարարագրում նրանց և մասնակցության չափերի մասին ինֆորմացիա չկա։ Մասնավորապես, որպես իրական շահառուներ 3 անձանց անուններ կան՝ Կանադայի քաղաքացի Մայքլ Դեյվիդ Սեյնոր Սպենսեռը, Միացյալ Թագավորության քաղաքացի Ջեֆֆրեյ Էդմունդ Քոուչը և ԱՄՆ քաղաքացի Վիկտոր Ֆլորեսը, որոնց «Հետքն» արդեն անդրադարձել է։

Ժաննա Զաքարյանն այս վերջին հարցերի մասով պատասխան չի տվել՝ նշելով, որ դրանք դուրս են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակից և առաջարկել է դիմել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին։

 

  • Կիսվել: