Կառավարությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միջին վիճակագրական քաղաքացին, բայց այդ արդյունավետությունը սահման ունի. Փաշինյան
ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է: Ավելին ասեմ՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսվում է ՀՀ պետական բյուջեից: Այն է՝ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ չի ծախսում, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս համատեքստում նաև հայտարարեց. «Մենք չենք կարողանում մեր երազած արդյունավետությամբ պետական բյուջեի փողերը ծախսել»:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ինձ թվում է՝ մեր բյուջեն մենք բավականին արդյունավետ ենք ծախսում: Իհարկե, արդյունավետությունը սահման չունի, այսինքն՝ միշտ պետք է դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատենք, բայց վերջին տարիներին, կարծում եմ, մենք բավականին ներդրում ենք արել մեր մասնագիտական կարողությունների վրա, որը թույլ է տալիս ամեն տարի ավելի արդյունավետ ծախսել մեր գումարները: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները դա նկատում են, և հատկապես 2025 թվականի բյուջեով, որտեղ շատ ուղղություններով գումարներ չեն ավելացել, կարծում եմ, այդտեղ էլ հատուկ ուշադրություն ենք դարձնելու արդյունավետության բարձրացմանը, որպեսզի ծառայություններն ավելանան, որակը լավանա՝ միևնույն գումարը ծախսելով»:
Վահե Հովհաննիսյանը խոսեց նաև հանրության՝ «ընտանիքից ներս» և «ընտանիքից դուրս» ընկալումների մասին:
«Ինձ թվում է՝ ինչ որ Դուք նշեցիք, կապ ունի ներսի ու դրսի ընկալումների հետ, այսինքն՝ ինչն ենք ընկալում մեր ընտանիքի ներսը, ինչն ենք ընկալում ընտանիքից դուրս: Այսինքն՝ արդյոք փողոցը, որը ասֆալտապատվում է, մեր տան նե՞րս ենք ընկալում, կամ հրապարակը: Կարծում եմ, որ պետք է որոշ չափով վերագնահատենք, թե ինչն է, ի վերջո, ներս, ինչն է դուրս: Արդյոք այն տեղը, որտեղ մենք քնում և հաց ենք ուտում, միայն դա՞ է տան ներսը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ դեմ չէ գնահատականին, բայց նաև երկու արձագանք ունի:
«Եթե մենք ավելի արդյունավետ ենք ծախսում մեր գումարները, ուրեմն հանրությունն էլ է սկսել ավելի արդյունավետ ծախսել: Ես նկատի ունեմ՝ դա հաղորդակից անոթների տրամաբանություն է: Չի կարող Կառավարությունը… Կառավարությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միջին վիճակագրական քաղաքացին, բայց այդ արդյունավետությունը սահման ունի»,- ասաց նա: