կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծին

Կառավարությունն այսօր իր նիստում հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Հարցը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը և դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, ինչը կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:

«Տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում եւ այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչեւ 2030 թվականը»,-ասաց նախարարը:

Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաև ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ և այլն) որակյալ սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր և արբանյակներ։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում երկու ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, եւ այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում: Խոսքը արբանյակների հավաքման, թեստավորման մասին է:

  • Կիսվել: