Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին:
Այս նախագծով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար։
Նախագծով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ոլորտների, փաստաթղթաշրջանառության, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման հիմքերի ու դեպքերի, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հետ կապված իրավակարգավորումները։
Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման դյուրացմանն ուղղված ուղիների ստեղծմանը։
Համաձայնագրի ստորագրմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբպայմանավորված՝ տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում ծագող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի նաև ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող փոխգործակցության արդյունքում ընթացիկ խնդիրների հայտնաբերման, կանխարգելման և կարգավորման համատեքստում։