ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Սլովակայի միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Սլովակայի միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։

Համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային Համաձայնագիր, որն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Նման բովանդակության համաձայնագրեր ՀՀ կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:

Համաձայնագրով նախատեսվում է նաև հայ–սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Համաձայնագիրը համահունչ է Հայաստանի կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին:

Հայաստանի եւ Սլովակիայի կառավարությունների միջեւ այս համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 8-ին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից:

  • Կիսվել: