երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կառավարությունը դարձյալ գումար հատկացրեց Տաթև–Աղվանի ճանապարհի համար

Կառավարությունը դարձյալ գումար հատկացրեց Տաթև–Աղվանի ճանապարհի համար

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Սյունիքի մարզի Գորիս–Կապան Ճանապարհի այլընտրանքային Տաթև–Աղվանի` ամիսներ առաջ քանդված ճանապարհի վերակառուցման համար լրացուցիչ գումար է հատկացվեց։
Ինչպես որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ճանապարհի վնասված հատվածը գրեթե վերականգնված է, մնացել է շուրջ 500 մետրանոց հատված, որտեղ դեռ փոսեր կան։
 
«500 մետրից էլ քիչ է մնացել։ Հավանաբար վաղը այլևս փոսեր չենք ունենա, ամբողջովին ասֆալտապատված կլինի։ Երրորդ շերտի տեղադրման պրոցեսն արդեն սկսվել է, 5.8 կմ–ն արդեն տեղադրվել է։ Եթե հասցնենք, կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Այս ընթացքում չի բացառվում, որ որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն։ Հընթացս շինարարները դրանք կշտկեն ու վերջին շերտը կտեղադրեն»,– ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ճանապարհն ի սկզբանե նախատեսված էր որպես միջհամայնքային, սակայն հետագայում այն ավելի լայն շահագործման ենթարկվեց, ինչի հետևանքով ծագեցին հիմքի փլուզման հետ կապված խնդիրներ։
«Հիմա մենք համոզվա՞ծ ենք, որ այդ ճանապարհը նաև բեռնատարներին կսպասարկի»,– հարցրեց Փաշինյանը։
Նախարարը պատասխանեց` 90 տոկոսով վստահ են, բայց չբացառեց, որ կարող են որոշ հատվածերում խնդիրներ ծագել։
 
«Հուսով ենք` երրորդ շերտի տեղադրումն ու կշեռքների համակարգը, որ հիմա կիրառվում է, կնպաստի, որ այդ հատվածով անցնող բեռնատարները գերբեռնված չլինեն, որովհետև հիմնականում ճանապարհը շարքից դուրս էր եկել Կապանից Երևան եկող ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ բացի տարբեր այլ խնդիրներից, մեղքի մեծ բաժին ունեն գերբեռնված մեքենաները»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ այսօր արդեն Կապանից Երևան եկող բոլոր մեքենաները կշռվում են։ Կշեռքն առայժմ տեղադրված է մեկ ուղղության վրա։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ հայտնեց, որ առաջիկայում կշեռք կտեղադրվի նաև հակառակ ուղղության վրա։
Քննարկման ավարտին ընդունված որոշմամբ կառավարությունը 2 734 122 694 դրամ գումար հատկացրեց ոչ միայն Տաթև–Աղվանի, այլև Ստեփանավան – Ագարակ- Յաղդան և Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի ավտոճանապարհների որոշ հատվածների շինարարության համար։
Սանոսյանը հստակեցրեց, որ ամբողջ գումարից 2 689 596 102–ը նախատեսվում է շինարարական աշխատանքների, 25 306 159–ը` տեխնիկական հսկողության, 19 220 433–ը` հեղինակային հսկողության համար:
Նա նաև նշեց, որ կառավարության նախանշած ճանապարհաշինական բոլոր ծրագրերի արագ իրականացման համար ՀՀ շինարարական կազմակերպությունների հզորությունը չի բավարարում։ Ըստ նրա` անցյալ տարի ճանապարհների հիմնանորոգման համար հատկացված 33 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 21–ը։ Այս տարի հատկացվել է ևս 60 մլրդ դրամ։
 
«Մենք բոլորին հրավիրել ենք նախարարություն ու ասել`կներեք, «այս տարի չաշխատեցինք, հաջորդ տարի կհասցնենք» տարբերակը չի լինելու։ Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ։ Անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել»,– ասաց նա։
 

  • Կիսվել: