կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը չի ասել ԶՊՄԿ-ին՝ 20 տոկոսը ինձ տվեք, ներդրողը ինքն է այդ պայմանով ներդրում արել․ վարչապետ

Կառավարությունը չի ասել ԶՊՄԿ-ին՝ 20 տոկոսը ինձ տվեք, ներդրողը ինքն է այդ պայմանով ներդրում արել․ վարչապետ

Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, ու տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյեկտներն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Դուք մոռացել եք, ԶՊՄԿ-ն ոնց է սեփականաշնորհվել և ում։ Տեսա՞ք հենց ԶՊՄԿ-ի անունը տվեցիք, այդ շարքերից մարդիկ են պակասում»:

Վարչապետն անդրադարձավ նաև Ամուլսարի շահագործման հարցին և ասաց. «Ամուլսարի հետ կապված մենք կանգնած ենք եղել հետևյալ դիլեմայի առաջ՝ մի կողմից կար հանրային ընկալման լեգիտիմության պրոբլեմ, մի կողմից կան ներդրումներ, ո՞նց դուրս գալ այս փակուղուց։ Հանրությունը, այդ թվում տեղական հանրությունը, իրեն բավարարված չի զգում, բայց մյուս կողմից էլ միլիոնավոր դոլարներ են ներդրվել։ Ամուլսարի 12․5 տերը կառավարությունը չէ, այլ հայ ժողովուրդը։ Կամ, որ ասում եք «փայ մտնել», ոչ մեկը իր ունեցած սեփականությունից չի զրկվել»։

Ըստ նրա՝ ներդրողների համար շատ դեպքերում խնդիր է եղել ընկերության գործունեության լեգիտիմության հարցը։

«Բոլոր դեպքերում, երբ եկել է նոր սեփականատեր, նա հասկանալով լեգիտիմության հետ կապված խորը պրոբլեմները, ասել է՝ ես չեմ ուզում ներքին բախում ունենամ, այս ընկերությունները իրենց թիկունքում պատմություններ ունեն, ես չեմ ուզում այդ պատմության բեռը կիսեմ իմ բիզնես ռեպուտացիայի հաշվին և չեմ ուզում լինել այդ վատ պատմության ժառանգորդը։ Ասել է՝ կառավարություն, ես ուզում եմ դու իմ կողքը կանգնես, որ բոլորը տեսնեն՝ ես երկրից տանող չեմ, ես երկրին բերող եմ։ Ի՞նչն է այստեղ կասկածելի։

ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում չունի գաղտնի պարտավորություն, որը հայտնի չէ ՀՀ ժողովրդին չունի։ Մենք չունենք այնպիսի դեպք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք հարգելի գործարար, հիմա քո ունեցածի 20 տոկոսը մերն է։ Ոչ թե կառավարությունն է ԶՊՄԿ-ին ասել 20 տոկոսը ինձ տվեք, այլ այդ իրենք են արել ժամանակին։

Տեղի է ունեցել գործարք, ու ներդրողը կառավարությանն ասել է 4 մլրդ-ի ներդրումային ծրագիր եմ ուզում, բայց կարևոր է, որ կառավարությունը իր ներկայությամբ նախ տեսնի, թե ինչ է կատարվում և ուզում եմ, որ կառավարությունով մեսիջ տամ ժողովրդին, որ ի դեմս կառավարությանը, տալիս է ժողովրդին։ Ներդրողը ինքն է այդ պայմանով եկել մտել ներդրման մեջ»,-ասաց  վարչապետը:

  • Կիսվել: