երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով

Առաջարկվում է կարգավորել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախատեսվող 3 փոփոխությունները:

Ըստ այդմ՝ առաջին կետով կհստակեցվեն սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումն այլ անձի, օրինակ՝ ընտանիքի անդամի կողմից կատարվելու դեպքում սոցծախսերը փոխհատուցելու դրույթի կիրառության ժամկետները:

«Սահմանվում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը վերադարձվում են, եթե դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով: Այս ժամկետից հետո կատարված սոցիալական ծախսերը վերադարձվելու են, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից: Սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցով կատարված լինելը կարող է հիմնավորվել դրա վերաբերյալ ծառայությունը մատուցողին, օրինակ՝ բուհին համապատասխան հաստատում կամ հայտարարություն ներկայացնելու ճանապարհով»,- ասաց նախարարը:

Երկրորդ խնդիրը ծագել է այն դեպքում, երբ գործատուն առողջության ապահովագրական պայմանագրի կողմ է, սակայն շահառուներն այդ գործատուների աշխատողներն են: Այս դեպքում ապահովագրական վճարը կատարվում է գործատուի կողմից, որից հետո գումարը փոխհատուցվում է աշխատողի միջոցներից: Մինչդեռ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրում գործատուները, ինչի հետևանքով հնարավոր չի լինում փոխհատուցել սոցիալական ծախսերը:

«Սրանով հնարավորություն է տրվում վերադարձնել սոցիալական ծախսերի գումարները: Սահմանվում է, որ հայտարարատու հանդիսացող աշխատողից ապահովագրավճարի գծով կատարված ծախսի դիմաց հատուցում ստանալու հանգամանքը հավաստվում է գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվող տեղեկանքով:

Միաժամանակ սահմանվում է, որ այս դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթն ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող՝ նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողների անունները»,- ասաց նա:

Խնդիր է ծագել նաև այն դեպքում, երբ համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները մատուցում են կրթական ծառայություններ, որոնց համար հայտարարատու ֆիզիկական անձինք համայնքի բյուջե են վճարում տեղական վճար, օրինակ՝ համայնքային մանկապարտեզների վճարները: Սակայն, ըստ նախարարի, համայնքի պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կրթական ծառայություններ մատուցելու դեպքում համայնքի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը խնդրահարույց է: Ըստ այդմ՝ հնարավորություն կտրվի, որ հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից դուրս գրեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս որոշման նախագծով շարունակվում է ընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացի լավարկումը: Նաև նկատեց, որ «սրտնեղում են», թե ինչու այս նրբություններն ի սկզբանե չեն նկատել:

«Բայց երբ օբյեկտիվորեն նայում ես, նաև այս համոզմունքն ինձ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ, միևնույն է՝ բանաձևը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա, իր պրոբլեմին հանդիպի, որպեսզի այդ պրոբլեմը լուծվի»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: