ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության 2021թ. գործունեությունը սպորտի և մշակույթի ոլորտներում. հաշվետվություն

Կառավարության 2021թ. գործունեությունը սպորտի և մշակույթի ոլորտներում. հաշվետվություն

2021 թվականին սպորտի ոլորտում Կառավարության բարեփոխումների շնորհիվ՝ 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկներին պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ: Այս մասին նշված է Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունում։

Մարզիկներին և մարզիչներին տրվող անվանական թոշակների ընդհանուր գումարն աճել է շուրջ 4 անգամ՝ 2022թ.-ին կազմելով շուրջ 625 մլն դրամ, իսկ մարզիկների պատվովճարների ընդհանուր գումարը 147 մլն–ից դարձել է 166 մլն դրամ: Ըստ հաշվետվության՝ սպորտի ոլորտում ակնկալվող կարևոր իրադարձություններից է այն, որ 2021թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022թ.-ին կհյուրընկալի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Երկրի մշակութային զարգացման նպատակով՝ 2021թ.-ին ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ», «Մեկնարկ» և այլ ծրագրերը (շուրջ 175 մլն դրամ ընդհանուր բյուջեով), որոնց մասնակցել են ավելի քան 330 հազար մանուկներ և պատանիներ:
2021 թվականին իրականացվել են գրահրատարակչության, մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի զարգացմանը և հանրահռչակմանն ուղղված ավելի քան 1 մլրդ դրամ բյուջեով դրամաշնորհային 181 ծրագրեր. առաջնահերթություն է տրվել նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական կարողությունների դրսևորմանը և կատարելագործմանը:

2021 թվականին իրականացվել են շուրջ 701,4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 օբյեկտների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը: Պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքների առավել արդյունավետ իրականացման հատկացվել է ավելի քան 350 մլն դրամ և ընդգրկելով 25 հուշարձան: Հավելյալ 227 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանն ու հարակից տարածքների բարեկարգմանը: Հայաստանի ազգային պատկերասրահում 2021 թվականին տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ:

Արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը, ինչպես նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 մլն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով: 2022 թվականին այդ նպատակով հատկացումները կավելանան և կկազմեն շուրջ 750 մլն դրամ։

  • Կիսվել: