կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա հատվածում առկա գույքերը հանրության գերակա շահ կճանաչվեն

Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա հատվածում առկա գույքերը հանրության գերակա շահ կճանաչվեն

Կառավարության որոշմամբ Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերը կճանաչվեն հանրության գերակա շահ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

2014 թվականին Երեւանի քաղաքապետարանն ավարտել է շինարարական աշխատանքները եւ շահագործման է հանձնել Մոնթե Մելքոնյան փողոցը (Իսակով – Լենինգրադյան ճանապարհահատված): Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը (այսուհետ՝ Ճանապարհ), որը միմյանց կկապի Երեւան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:

Հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ սահմանված ընթացակարգի, Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի համապատասխան Հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը (ՀՕՏԾ)՝ տվյալ ճանապարհահատվածի համար: Վերջինիս հաստատվելուց հետո, օրենքով սահմանված կարգով կմեկնարկի գույքերի իրացման գործընթացը, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է՝

ա. Երեւան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթեւեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը.

բ. Երեւան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը հանգեցնում է տրանսպորտի երթեւեկության կաթվածահարման.

գ. առաջարկվող ճանապարհահատվածը նախատեսված է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով՝ հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը, որը միացնում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային.

դ. առաջարկվող ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը.

ե. ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կկրճատվի երթեկության տեւողությունը ու կնվազեն խցանումները.

զ. ճանապարհահատվածի կառուցման արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականությունների oտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի կառուցման գոտում եւ անհնար է ապահովել ճանապարհահատվածի կառուցումն ու ճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող մյուս պայմանները` առանց դրանց օտարման.

է. օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:

  • Կիսվել: