երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Երևանի ավագանին հոկտեմբերի 13-ի նիստում կքննարկի Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու մասին նախագիծը։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։

«Այս նախագիծը հանձնաժողովի նիստին արդեն քննարկվել է և հավանության արժանացել։ Հրազդանի կիրճին տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելը եղել է քաղաքային իշխանության բնապահպանական հանձնառություններից մեկը։ Այս նախագծի ընդունումը շատ կարևոր որոշում կլինի COP-17-ին ընդառաջ։

Բոլոր գործողությունները միտված են լինելու բնապահպանական առումով կիրճում մատչելի հանգստի հնարավորությունների զարգացմանը, ինչը թույլ կտա այցելուներին հաղորդակցվել բնության հետ՝ նվազագույնի հասցնելով կենսաբազմազանության և էկոհամակարգային գործընթացների վրա ազդեցությունը»,- ասել է Սիրարփի Հայկազյանը։

Ինչ վերաբերում է կիրճի մաքրման աշխատանքներին՝ բնապահպանության վարչության պետն ընդգծել է, որ տարվա ընթացքում բազմաթիվ օրեր նվիրվում են այդ միջոցառումների իրականացմանը։

Նա հավելել է, որ Հրազդանի կիրճի առաջիկա 1 տարվա աշխատանքները ներառում են դրա ընթացիկ վիճակի պահպանումը, կարճաժամկետ ծրագրերի իրականացումը՝ մինչև կառավարման ծրագրի ընդունումը, նաև գոտիավորումների սահմանումը։

  • Կիսվել: