Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը
Կառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:
Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում է Սվարանց բնակավայրում իրականացնել «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագիրը՝ Սվարանց գյուղում Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ Կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած և սույն ծրագրի շահառու դառնալու համաձայնություն տված 20 ընտանիքների համար 20 բնակելի տների կառուցում, նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 անասնագոմերի կառուցում, նշված 20 տների կահավորում և 20 հատ արևային տաքացուցիչների տեղադրում, ինչպես նաև 34 հատ արևային տաքացուցիչների տեղադրում գյուղի բնակիչների տների համար, գյուղի վարչական շենքի, բուժկետի և մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակի կառուցում և գերեզմանատան բարեկարգում: ՀՀ փոխվարչապետի 2025 թ. մարտի 4-ի համապատասխան որոշմամբ ծրագիրը որակվել է բարեգործական: