շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Իրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.am

Իրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.am

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության։ Այս մասին գրել է Hetq.am-ը:

Ըստ  տնօրեն Կարինե Անդրեասյանի՝  իր գործունեության ընթացքում ընկերությունը պատրաստել է 13 մասնագետ։ Նրանցից ոչ մեկը, սակայն, պետական համակարգում չի աշխատում։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն կիբեռանվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր չի կնքել։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, 2023 թվականի մայիսին 1.5 մլրդ դրամ ներդրում է արել «Սի էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում՝ դառնալով դրա 49% բաժնետերը։

 

Այս ընկերությունը հիմնադրվել էր ներդրումը ստանալուց 8 օր առաջ։ Ընկերության տնօրենը Կարինե Անդրեասյանն է՝ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին։ Անդրեասյանն ու Պահլավունին նաև համատեղ բիզես ունեն։ Նրանց է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի համապատասխանաբար 33 և 34%-ը։ Երբ «Սի էֆ Դաբլյուն» ստացել է ներդրումը, ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։

Մեր հրապարակումից հետո հոդվածին անդրադարձավ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերն ամերիկյան «Orbis Operations» ընկերությունն է։

Հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից նրան այդ և գրառման մեջ նշված մյուս տեղեկությունները։ Ինչպես նաև հարցրել էինք, թե ինչու է ինքն արձագանքել մեր հոդվածին, եթե երբևէ առնչություն չի ունեցել ԱՆԻՖ-ի կամ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի հետ։

Հարցումն արել էինք մարտի 26-ին, հինգ օր անց պատասխան ստացանք, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և մեր հարցերին կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Թեև անտրամաբանական էր 30 օր խնդրել հարցերին պատասխանելու համար, քանի որ եթե նա նման գրառում է արել, ենթադրվում է, որ պիտի կարողանար նաև սեղմ ժամկետում պատասխանել գրառման վերաբերյալ մեր հարցերին, սակայն մենք սպասեցինք 30 օր։ Ի վերջո պատասխան չստացանք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: