երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրականում վստահ եմ, որ որևէ բան չկա. Նարեկ Բաբայանը` քաղշին ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին

Իրականում վստահ եմ, որ որևէ բան չկա. Նարեկ Բաբայանը` քաղշին ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի կողմից հնչող մեղադրանքներին՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և  նրա խորհրդական՝ Ավետիք Էլոյանին, նշեց, որ որոշ բաներ պատմածով, լսելով գիտի։

«Վստահ չեմ՝դա  չարաշահում է, թե ոչ, արդյոք նման բան տեղի ունեցել է, թե ոչ։ Շատ դեպքերում շատ բաներ ներկայացվում է որպես կոռուպցիոն գործարք, այդ թվում՝ պաշտոնյաների հեռավոր բարեկամներին ինչ-որ պաշտոններում նշանակվելը կամ մրցույթով հաղթել ու նշանակվելը: Հաստատ կարող եմ ասել, որ դա կոռուպցիա չէ, բայց ներկայացվում է այդպես»,- ընդգծեց նա։

Նարեկ Բաբայանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ-որ օրենքի կամ իրավական ակտի խախտում կա, թե ուղղակի այդպիսի ընկալում կա. «Կարող է որևէ խախտում չկա, բայց մենք այդպիսի ընկալում ունենք: Պետք է հասկանանք, միգուցե անհրաժեշտ է իրավական հարցերը համապատասխանեցնել ընկալումներին»։

Դիտարկմանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ առնչություն ունեցող անձանց հետ կապված պատմություններ էլի են եղել,  Կոմիտեի ղեկավարն ասաց, որ չկա որոշակի շրջանակ կամ շրջապատ, կա կառավարություն. «Ամբողջ կառավարությունը վարչապետի, փոխվարչապետների շրջանակն ու շրջապատն է: Ես չէի տարանջատի: Իրականում վստահ եմ, որ որևէ բան չկա, և պետք չի այդտեղ ինչ-որ բաներ փորձել գտնել, իհարկե, պետք է քննարկել ու հասկանալ՝ այդտեղ խնդիր կա, թե չկա»:

 

  • Կիսվել: