հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ սովի են մատնվում, այդքան հող` դատարկ, անտեր․ Խաչատուր Սուքիասյանը՝ փոխնախարարին

Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ սովի են մատնվում, այդքան հող` դատարկ, անտեր․ Խաչատուր Սուքիասյանը՝ փոխնախարարին

Նախկինում էլ մենք տնտեսության կառուցվածքից հասկացել ենք, որ գյուղատնտեսությունը  բավականին մեծ կտոր է զբաղեցնում և դրանում ցանկացած 10-ը տոկոսի աճը մեր ընդհանուր ՀՆԱ-ի վրա բավականին նկատելի կլինի, եթե կարողանանք կազմակերպչական բարձր մակարդակով  գյուղացիական տնտեսություն-պետություն, վերամշակող-պետություն, գյուղացի- վերամշակող սխեմաներն աշխատեցնենք։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։  

«Ես կարծում եմ՝ քարոզչությունն էլ է շատ քիչ, որովհետև  ցանկացած մարդ եթե ուզում է վաստակի, Հայաստանում հազարավոր հողեր  այսօր չեն մշակվում, բայց մարդիկ գումարներից են խոսում, պարտքերից են խոսում։ Մենք չենք կարողանում բացատրել, որ այդ հողը միլիարդներ արժե, ու արդեն մեզ շուր  2  միլիարդի այդ հնարավորությունը տալիս է»,- ասաց Սուքիասյանը։ 

Սուքիասյանը նշեց, որ Խոջոյանից նիստի ընթացքում  լսել է միտք, ըստ որի՝  ՀՀ հյուսիսային շրջաններում   ունենք  աղքատության բավականին մեծ տոկոս և  այստեղի բնակչությունը խնդիր ունի   սննդի  անբավարար ստացման  առումով․  «Ես շատ կուզեմ , որ հարկային մարմինները մեզ պատասխանեն մի բան, ես ուզում եմ հասկանալ՝ այդ շրջաններում տոտալիզատորները  ի՞նչ մակարդակի են , ուզում եմ ասել՝ ինչի հետ մենք պետք է կապենք, որ մեր քաղաքացին  կամ գյուղացին սովի է մատնվում  կամ բավարար չի ստանում  այն կալորիան, որը որ պետք է»։

« Այսօր մենք գիտենք, որ մի քանի տասնյակ  միլիարդ  ուղղակի կարելի է ստանալ հողից , չի ստացվում, որովհետև չգիտեմ, չենք կարողանում իրենց կրթել,  չենք կարողանում իրենց քարոզել, չենք կարողանում իրենց ստիպել, ի՞՛նչն է պատճառը, թե կարող՞ է պատճառը նպաստ տալն է »,- նկատեց պատգամավորը։ 

« Հայաստանի  հողը, ջուրը, արևը  տասնյակ միլիարդների պրոդուկտ է տալիս, որը այսօր , այս պահին, ամեն րոպե  պահանջարկ ունի, և մենք ասում ենք, որ այսինչ շրջաններում թերի են սնվում։ Եթե մարդը չի կարողանում իր համար արտադրի, սնվի, ինչի՞ մասին է խոսքը, մենք ինչ-որ մի բան խառնել ենք այս երկրում , մենք ինքներս պետք է շատ բղավենք այս մասին , այդ նպաստների ինստիտուտն էլ պետք է հասկանանք՝ տալիս ենք ի՞նչի համար, ի՞նչ ժամկետի ենք տալիս, այդ մարդը  պետք է գնա աշխատի մի բան ստեղծի , այսքան հող դատարկ, անտեր  է, կարելի է միլիարդների եկամուտ ստանալ  գյուղացիների միջոցով »,- ընդգծեց Սուքիասյանը։ 

«Լիովին համաձայն եմ ձեր բարձրացրած հարցադրումների հետ, որոնք կարծում եմ նաև որոշակի առումով պատասխան  չպահանջող հարցեր էին, որովհետև  իրենք նաև ներառում են իրենց մեջ տեղեկատվություն և հորդոր  գյուղացիական տնտեսություններին, որ այն ինչը որ  առկա է ՀՀ-ում նաև որոշակի առումով մրցակցային առավելություն է ստեղծում՝  գյուղոլորտում աշխատելու համար։ Թերսնումների մասով, ըստ Պարենի համաշխարհային ծրագրի վերլուծության,  թերսնումների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մարդկությունը  տեղյակ չէ, թե որն  է ճիշտ սնվելը և  պարենային  անվտանգության մասին խոսելիս, մեր կողմից առաջին անգամ դիտարկվել է, որ բոլոր գերատեսչություններն այստեղ պետք է ներգրավված լինեն  պարենային անվտանգության կոնտեքստում, որովհետև այն իր հետ ծնում է տարբեր խնդիրներ»,- ի պատասխան նշեց  փոխնախարարը։

Ըստ Խոջոյանի՝ հողի անալիզիներ անելու, հողը հարստացնելու մշակույթի մասին պետք է շատ խոսենք,  որը ամբողջությամբ կապահովի և՛ ֆերմերի համար ցանկալի եկամուտ, և՛  վերամշակողի համար ցանկալի հումք։ 

  • Կիսվել: