«Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը․ Սանոսյան
«Հյուսիս-Հարավ» նախագծի հետ կապված առաջիկայում բավական մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ կմասնակցեն. Ենթադրում եմ, որ մեր ռուս գործընկերները եւս նման ցանկություն կունենան: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտեւի մինչեւ մրցույթի մի շարք փուլեր ամփոփվեն եւ հաղթող ընկերությունները հայտնի դառնան, որից հետո շինարարական պրոցեսը կսկսվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային համարվող Աղվանի-Տաթեւ-Կապան ճանապարհին, որի շինարարությունը պետք է ավարտվի նոյեմբերի վերջին, եւ որի շինարարության հարցում Իրանի շահագրգռությունը կա, Գնել Սանոսյանն ասաց. «Մենք իրանցի գործընկերների հետ քննարկումներ ունենք նաեւ այդ ուղղությամբ: Վերջերս Հայաստանում էր իրանցի փոխնախարարը, որի հետ ես էլ եմ հանդիպում ունեցել: Իրենք հետաքրքրված են «Հյուսիս-Հարավի» կառուցման աշխատանքներով: Առաջիկայում որոշակի այց ենք նախատեսում: Ինչ վերաբերում է Տաթեւ-Աղվանի ճանապարհին, շինարարությունն ընթացքի մեջ է, գրեթե 24-ժամյա ռեժիմով են աշխտում: Այո, կավարտենք նոյեմբերին: Նախատեսված է 3 շերտ ասֆալտ անել, բայց որոշ հատվածներում այս տարի կբավարարվենք 2 շերտ ասֆալտ տեղադրելով՝ հասկանալով, որ որոշակի ժամանակ է պետք: Եթե հետո թերություններ ի հայտ գան, մենք 3-րդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր երրորդ շերտը կտեղադրենք»:
Անդրադառնալով մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին հարցին՝ Սանոսյանն ընդգծեց, որ դա ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան, պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել: «Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարության պրոցեսը կսկսվի»,- պարզաբանեց նախարարը: