երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնարավոր է` կենսաթոշակային քարտերով «քեշբեքի» համակարգը 2024–ից կիրառվի ՀՀ բոլոր բանկերում

Հնարավոր է` կենսաթոշակային քարտերով «քեշբեքի» համակարգը 2024–ից կիրառվի ՀՀ բոլոր բանկերում

2024 թ. ՀՀ կառավարությունը ցանկանում է կենսաթոշակների` անկանխիկ եղանակով գործարքների վերադարձի համակարգը կիրառել ՀՀ բոլոր բանկերի դեպքում։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թ. պետական բյուջեի նախագիծը։
 
Նա նշեց, որ 2024 թ. թոշակառուները ինչպես ստացել են, այնպես էլ կշարունակեն «քեշբեք» ստանալ անկանխիկ գնումների 10 տոկոսի չափով: Եթե հիմա 5%–ը վճարում են բանկերը, իսկ 5%–ը՝ ՀՀ կառավարությունը, ապա հաջորդ տարվանից կառավարությունը կսկսի վճարել ամբողջ 10%–ը։
 
Այդ պատճառով համակարգին կկարողանան միանալ բոլոր 17 բանկերը, որոնք գործում են երկրում, քանի որ դա նրանցից ոչ մի ծախս չի պահանջի:
 
«Ենթադրաբար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության համաձայնագրեր կկնքի այդ բոլոր բանկերի հետ»,– հայտարարեց ֆինանսների նախարարը:
 
Արդյունքում, եթե հիմա գումարների վերադարձի համակարգից օգտվելու համար թոշակառուն պետք է բանկային քարտ ունենա համակարգին միացած չորս բանկերից մեկում, ապա այժմ կարիք չի լինի մի բանկից մյուսը տեղափոխվել:
2024 թ. բյուջեով «քեշբեքի» համար նախատեսվում է 5 անգամ ավելի շատ գումար հատկացնել, քան 2023 թ.՝ 2–ից հասցնելով 10,2 մլրդ դրամի։ Ծրագիրը գործում է 2022 թ. հուլիսի 1–ից:

  • Կիսվել: