ՀՀ տնտեսական աճը 2020 թ-ին կլինի բացասական. ԿԲ նախագահ
Կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցության մեխանիզմը հասկանալու համար ԿԲ-ն մշակել է սեփական մոդելը՝ տնտեսության վրա համավարակի ազդեցության ուղղությունները վերլուծելու համար։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ իրենց գնահատականների համաձայն, այդ ազդեցություններից են լինելու առաջարկի զգալի կրճատումը՝ աշխատուժի առաջարկի կրճատման հետևանքով։
«Աշխատուժի կրճատումը պայմանավորված էր չորս հիմնական գործոններով՝ հիվանդության կամ մեկուսացման ցուցումով աշխատողների աշխատուժից դուրս մնալով, աշխատողների սեփական կամքով աշխատուժը կրճատելով, դպրոցների և մանկապարտեզների աշխատանքի դադարեցման հետևանքով աշխատողների տանը մնալու անհրաժեշտությամբ, հեռավար անցնելու կապակցությամբ աշխատանքի արտադրողականության նվազմամբ»,- ասաց Մարտին Գալստյանը։
Հաջորդ ազդեցությունը պահանջարկի անկումն է՝ ոչ առաջնային ապրանքների և այն ծառայությունների նկատմամբ, որոնք կապված են սոցիալական շփումների հետ, օրինակ՝ զբոսաշրջության կամ ռեստորանային բիզնեսի դեպքում։
«Այս ազդեցությունը զգալի գնանկումային է, որի չափը դեռևս անհնար է գնահատել։ Միևնույն ժամանակ պահանջարկը զգալիորեն աճել է առողջապահական որոշ ապրանքների նկատմամբ՝ դիմակ, ալկոգել և այլն, որոնց ազդեցությունը փոքր, բայց գնաճային էր։ Արդյունքում՝ կորոնավիրուսի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, քանի որ համախառն առաջարկն ու համախառն պահանջարկը զուգահեռաբար են նվազել»,- ընդգծեց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը ԿԲ-ն գնահատել է 0.7%՝ նվազեցնելով նախորդ կանխատեսված 5.3%-ից, և ակնկալվում էր, որ անորոշությունների նվազմանը զուգընթաց արդեն երկրորդ կիսամյակից տնտեսական աճը կվերականգնվի։
«Հաշվի առնելով ցածր գնաճային միջավայրը, համաշխարհային տնտեսության ապագա ազդեցություններն ու ձևավորված անորոշությունները, ԿԲ-ն մարտի 17-ից ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ 0.25 կետով նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5․25%»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ տնտեսության վերականգնումն արագ է տեղի ունենալու, ապա համավարակի ընթացքին զուգահեռ վերանայվեցին այդ պատկերացումները՝ դառնալով ավելի վատատեսական։
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամը հունվարյան կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսությանը աճը 2020 թվականին սպասվում էր մոտ 3,3%, իսկ արդեն ապրիլին ԱՄՀ-ն ներկայացրել է, թե որքան ցավալի է լինելու համավարակի ազդեցությունը տնտեսությունների վրա՝ կանխատեսելով, որ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով։ Համաշխարհային բանկն էլ, ըստ նրա, մոտ օրերս հրապարակել է, որ անկումը կլինի 5.2%։
«Մեր գնահատականներով, ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից»,- ասաց Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտն ու տուրիզմը, սպասարկման այլ ծառայություններն ու շինարարությունը։ «Իսկ գյուղատնտեսության վրա կորոնավիրուսը գրեթե ազդեցություն չի ունենա»,- նշեց նա։
Բացի այդ, ըստ Մարտին Գալստյանի, անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում:
«Ինչպես նախատեսվում էր ծրագրով՝ պահպանվել է ցածր գնաճային միջավայր, մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս: Թեև ի սկզբանե առկա էին որոշակի անորոշություններ՝ առաջարկի և պահանջարկի վերականգնման հարաբերական արագության վերաբերյալ, սակայն ԿԲ ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով և պահպանվող անորոշությամբ»,- ընդգծեց ԿԲ նախագահը։


