ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Կառավարության քննարկմանը ներկայացրեց Կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողական գնահատման և դրա արդյունքներով պետական մարմիններին գումար հատկացնելու որոշման նախագիծը։
Փոխվարչապետը հիշեցրեց, որ 2025 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել է կատարողական գնահատման պիլոտային ծրագիրը, որը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու շարունակական քաղաքականություն է։ «Ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումն է և այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումը։ Այս ուղղությամբ հետևողական աշխատանքն այն հիմքն է, որը պետք է ապահովի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, ինչպես նաև երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվում են ամենաարդյունավետ ձևով և ուղղվում են որակյալ պետական ծառայության կազմակերպմանը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին ամփոփել են 2025 թվականի առաջին կիսամյակի ծրագրի կատարողականի գնահատականը 15 կառավարման մարմինների համար։ «Գնահատվեցին սահմանված 57 ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները և պետական մարմիններին հատկացվեց 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Փոխվարչապետն ընդգծեց, որ հիմա գնահատել են 2025 թվականի երկրորդ կիսամյակի ծրագրով տարված աշխատանքը։ «Կարող ենք ասել, որ խրախուսման համակարգի պիլոտավորումը կառավարման մարմինների առաջնահերթությունների ուղղությամբ կենտրոնացման հարցում ստանում է կարևոր նշանակություն։ Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել, որ երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ գնահատականը մոտ է սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Հաշվի առնելով այս արդյունքները՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 միլիարդ դրամ»,- նշեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար հատկացումների կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ գործնականում հաշվի կառնվի նաև այն հանգամանքը, թե առաջին կիսամյակում խրախուսվածների կողմից ինչպես է իրագործվել կրթության նպատակով դրամական ներդրումների պահանջը։ «Այս կիսամյակի ավարտին կունենանք ընդհանրական հաշվետվություն այն մասին, թե պիլոտային ծրագրերի շահառուները որքան դրամական ներդրումներ են կատարել կրթական ծախսերի ուղղությամբ։ Պետք է նշեմ նաև, որ պիլոտային ծրագրի արդյունքների վերլուծությունը մեզ թույլ է տալիս զուգահեռաբար աշխատել օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ, որի վերջնականացման արդյունքում հնարավորություն կունենանք պիլոտային ծրագրից անցում կատարել երկարաժամկետ կարգավորումների և այս տարվա ընթացքում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հանրային ծառայության վարձատրության մեխանիզմներն օրենքով կարգավորելու վերաբերյալ առաջարկություն»,- նշեց փոխվարչապետը։
Կառավարության նիստում որոշումը միաձայն ընդունվեց։



