երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հեռավար աշխատանքը դրական ազդեցություն է ունենում արտադրողականության բարձրացման վրա. փոխնախարար

Հեռավար աշխատանքը դրական ազդեցություն է ունենում արտադրողականության բարձրացման վրա. փոխնախարար

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում՝ հարցը ներկայացնելով առաջին ընթերցմամբ քննարկման:

Նշվել է, որ հեռավար աշխատանքը սկսել է գործել դեռեւս 1980-ականներից, կիրառվում է ԱՄՆ-ում եւ մի շարք եվրոպական երկրներում: Ըստ փոխնախարարի՝ հեռավար աշխատանքը դրական ազդեցություն է ունենում արտադրողականության բարձրացման վրա:

Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ նախագծի ընդունմամբ գործատուները եւ աշխատողները կունենան ոչ պակաս բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները:

«Փոխադարձ համաձայնությամբ հեռավար աշխատանքը կներդրվի մասնավոր եւ պետական հատվածներում»,- ասել է փոխնախարարը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, ողջունելով նախագծի ընդունումը, հետաքրքրվել է՝ ինչո՞ւ տարբեր խմբերի համար չեն սահմանվել առաջնահերթություններ եւ ի՞նչ է տալու օրենքի նախագիծը: «Արդյո՞ք լուրջ սահմանումներ ենք տալիս օրինագծով»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան՝  փոխնախարարը նշել է, որ առաջին հերթին հաշմանդամների համար նախագիծն ապահովելու է ներառականություն: Ըստ Ռուբեն Սարգսյանի՝ առաջնահերթություններ չեն սահմանվել մի պարզ պատճառով. սահմանվում է «համաձայնություն» հասկացությունը գործատուի եւ աշխատողի միջեւ:

Օրենքի նախագիծը դրական է գնահատել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ հեռավար աշխատանքը կիրառվել է դեռեւս քովիդի շրջանում: «Այս նախագիծը հեռավար աշխատանքի կիրառումը դարձնում է առավել ճկուն»,- նշել է Արսեն Թորոսյանը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը փաստել է, որ հարցը քննարկվել է Կառավարության գործընկերների եւ գործատուների հետ: Ըստ նրա՝ հեռավար աշխատանք կազմակերպելիս աշխատողը պետք է հասանելի լինի գործատուի համար: Նշվել է, որ որոշակի հարցեր կքննարկվեն ու իրենց լուծումները կգտնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: