կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԲ-ի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին. Պապիկյան

ՀԲ-ի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ կայուն եւ զարգացման խոստումնալից հեռանկարներ ունեցող փոխգործակցությունը՝ մասնավորապես, ընդգծելով ՀԲ-ի վարկային միջոցներով Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Իվան Դրաբեկը իր հերթին շեշտելով Հայաստանի հետ համատեղ իրականացրած աշխատանքների հաջողված ընթացքը՝ վերահաստատել է, որ գործադրվելու են առավելագույն ջանքեր՝ դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի բաղադրիչները, մասնավորապես՝ միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդման եւ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրյալ ծրագրի իրականացմանը, շահառուների կենսապայմանների բարելավմանը, հանրային ծառայությունների մատուցմանը, սոցիալական կապիտալի եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը, բնակիչների եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առընչվող հարցեր:

Սուրեն Պապիկյանը նկատել է, որ բանկի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին եւ վարչատարածքային բարեփոխումներին՝ անհրաժեշտ համարելով հետագա համագործակցությունը ծառայեցնել մեծ ներուժ, բայց եւ զարգանալու ու կատարելագործվելու կարիք ունեցող համայնքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով: «Բանկի հետ ծրագիրը մենք համարում ենք հաջողված, իսկ հաջողված ծրագրերը շարունակվելու կարիք ունեն»,-ասել է նախարարը:

Ավարտին կողմերը փաստել են, որ ՏԿԵ նախարարությունը եւ Համաշխարհային բանկն այժմ փոխկապակցված են ենթակառուցվածքների զարգացման, տեղական ու տարածքային կարողությունների հզորացման Հայաստանին ուղղված մի շարք ծրագրերով, եւ երկուստեք հաստատել տնտեսության հավելյալ զարգացում ապահովելու նպատակով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: