կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայաստանում բանկային տրոյան վիրուսի գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,16%-ը, որը 10-րդ ցուցանիշն է աշխարհում

Հայաստանում բանկային տրոյան վիրուսի գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,16%-ը, որը 10-րդ ցուցանիշն է աշխարհում

Հայաստանում 2019-ին բանկային տրոյան վիրուսի գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,16%-ը, որը 10-րդ ցուցանիշն է աշխարհում։ 2018-ին նման գրոհների բախվել է մոբայլ օգտատերերի 0,51%-ը, իսկ 2017 թվականին՝ 0,12%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Դրանց համաձայն՝ 2019-ին մոբայլ բանկային ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Ռուսաստանի օգտատերերը (0,72%). այդ երկիրը երեք տարի անընդմեջ առաջատարն է այդ ցուցանիշով, որտեղ հաքերները «մասնագիտացված» են ռուսական բանկերի հավելվածներից օգտատերերի հաշվառման տվյալների գողության մեջ։ Այսպես, հաքերների Asacub ընտանիքը թիվ մեկ սպառնալիք է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Տաջիկստանում, Ուկրաինայում և Հայաստանում։

Բանկերի հավելվածներից տվյալների գողության համար մոբայլ ծրագրերը դրանց ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց են տալիս կեղծ ինտերֆեյս, որտեղ էլ ոչինչ չկասկածող օգտատերը մուտքագրում է բանկային քարտի տվյալները՝ հնարավոր դարձնելով գումարի անօրինական դուրսգրումը։ Այդ վնասաբեր ծրագրերը նաև հաճախ ձեռք են գցում բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։

Բանկային և այլ մոբայլ խաբեություններից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է, և սարքի կարգավորումներում արգելել կողմնակի աղբյուրներից ծրագրային ապահովման տեղադրումը։ Հարկ է նաև չմոռանալ համակարգի և հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանք վերացնում են խոցելիությունը, որոնցից օգտվում են կիբեռհանցագործները։ Խորհուրդ է տրվում չանցնել էլեկտրոնային փոստի, SMS-ների, մեսենջերների և սոցիալական ցանցերի կասկածելի հղումներով և հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս և կանոնավոր կերպով ստուգել համակարգը։

  • Կիսվել: