երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են 2024-ի աշխարհի ամենահզոր անձնագրերն ունեցող երկրները

Հայտնի են 2024-ի աշխարհի ամենահզոր անձնագրերն ունեցող երկրները

Հայտնի են դարձել 2024 թվականի աշխարհի ամենահզոր անձնագրերը. համապատասխան ցանկը կազմել է Henley Passport Index երկրների դասակարգիչը, որը վարկիանիշը կազմելիս առաջնորդվում է տարբեր երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքի վրա:

Համաշխարհային վարկանիշը երկրները դասակարգում է՝ հաշվի առնելով, թե դրանց անձնագրերով առանց այցագրի քանի երկիր կարելի է մուտք գործել, գրում է dailymail.co.uk-ը։


Հայաստանի անձնագիրն այս ցանկում 74-րդն է: Մեր երկրի քաղաքացիները կարող են առանց այցագիր այցելել 68 երկիր: Մեր տարածաշրջանում վարկանիշի առաջատարը Վրաստանն է՝ 50-րդ հորիզոնականում: Նրան հաջորդում են Թուրքիան՝ 52-րդ հորիզոնական, Ադրբեջանը՝ 70-րդ հորիզոնական և Իրանը՝ 95-րդ հորիզոնական:

Ինչ վերաբերում է ընդհանուր ցանկի առաջատարներին, ապա առաջին անգամ վեց երկիր կիսել է առաջին հորիզոնականը։ Այս տարի ԵՄ անդամ չորս երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան, ինչպես նաև ասիական երկու երկիր՝ Ճապոնիան և Սինգապուրը, միասին ճանաչվել են աշխարհի ամենահզոր անձնագրերն ունեցող երկրները: Նրանց քաղաքացիները կարող են առանց այցեգիր այցելել 194 երկիր:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ֆինլանդիան, Հարավային Կորեան և Շվեդիան աշխարհում երկրորդ ամենահզոր անձնագրերն ունեն (առանց այցագրի հնարավոր է այցելել 193 երկիր), մինչդեռ Ավստրիայի, Դանիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների (համատեղ երրորդ հորիզոնական) բնակչությունը կարող է առանց այցագրի մուտք գործել 192 երկիր։

Վարկանիշի ամենաստորին հորիզոնականներում Աֆղանստանը,  Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը  և Սոմալին են։

  • Կիսվել: