չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայկական դրամը արժևորվել է մի շարք արժույթների նկատմամբ

Հայկական դրամը արժևորվել է մի շարք արժույթների նկատմամբ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը փոխարժեքի վերաբերյալ ուսումնասիրություններ է արել։ Ֆեյսբուքյան իր էջում նա նշում է, որ հայկական դրամը արժևորվել է մի շարք արժույթների նկատմամբ։

«Ինչպես գիտենք, հայկական դրամը որոշ արժույթների նկատմամբ վերջին ամիսներին արժեզրկվել էր, սակայն քիչ չեն նաեւ դրամի արժևորման դեպքերը: Այսօր ուսումնասիրել եմ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ օրս մի շարք արժույթների վարքագիծը ՀՀ դրամի նկատմամբ: Համեմատության համար ընտրել եմ զարգացած և զարգացող երկրներ։

Ինչպես երեւում է գծապատկերներից, վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է եվրոյի նկատմամբ՝ 19.3%, ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 8.7%, կանադական դոլարի նկատմամբ՝ 17.5%, հնդկական ռուփիի նկատմամբ՝ 7.2%, չինական յուանի նկատմամբ՝ 17.3%, բուլղարական լևի նկատմամբ՝ 19.2% և մոլդովական լեյի նկատմամբ՝ 5.3%:

Միեւնույն ժամանակ ՀՀ դրամն արժևորվել է մի շարք արժույթների նկատմամբ (գծապատկեր 2)

ՀՀ դրամը էականորեն արժևորվել է թուրքական լիրայի նկատմամբ 22.2%, բրազիլական ռեալի նկատմամբ՝ 16.2%, ռուսական ռուբլու նկատմամբ՝ (8.6%), ուկրաինական գրիվնայի նկատմամբ՝ 5.3%, բելառուսական ռուբլու նկատմամբ՝ 8.4% և վրացական լարիի նկատմամբ՝ 8.3%»,- մանրամասնել է պատգամավորը։

 

  • Կիսվել: