Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ հավատարիմ կմնա փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Պանելային նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիայի տնտեսական ապագային, էներգետիկ նորարարություններին, ջրի կայուն կառավարմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովմանը և մի շարք այլ թեմաների։
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ոլորտներում Հայաստանն այսօր ունի ամենամեծ ներուժը Եվրասիական տարածաշրջանում հարևանների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է՝
- ենթակառուցվածքային ինտեգրումը՝ այս համատեքստում առանձնացնելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը,
- էներգետիկան և կայուն փոխակերպումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, ջրածնային տեխնոլոգիաների և էներգաարդյունավետ լուծումների ոլորտում,
- նորարարությունն ու մարդկային կապիտալը՝ նշելով, որ Հայաստանը ներդրումներ է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում։
«Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ եղել է, կա և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու (win-win) ռազմավարությանը, և այսօր, երբ շահերի և հնարավորությունների համաշխարհային քարտեզը փոփոխվում է, Եվրասիան պետք է դառնա ստեղծարարության և վստահության տարածք։ Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը՝ ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և վստահության քաղաքականության հարցում», - նշել է նախարարը։