երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանը պլանավորում է խթանել հանքարդյունաբերության հետ կապված ապրանքների արտադրությունը

Հայաստանը պլանավորում է խթանել հանքարդյունաբերության հետ կապված ապրանքների արտադրությունը

Կառավարությունը իր լիազորությունների շրջանակում համակողմանիորեն աջակցում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:  

«Կառավարությունն անում է այն ամենն, ինչ իր լիազորությունների շրջանակում է: Կառավարության հաստատած աջակցության ծրագրով իրականացվում է լիզինգային վարկավորման փոխհատուցում, որից կարողանում են օգտվել ոլորտի բոլոր կազմակերպությունները, որոնք գրեթե զրոյական տոկոսադրույքով թարմացնում են իրենց տեխնոլոգիաները: Կառավարությունը նաև բավականին լավ ներդրումային միջավայր է ստեղծում՝ հեշտացնելով բյուրոկրատական քաշքշուկները: Այսինքն, անում է այն ամենն, ինչ իր լիազորությունների շրջանակում է»,- նշեց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ կառավարությունը հանքարդյունաբերության ներուժի իրացման ուղիներն ու հնարավորություններն ամրագրել է ոլորտի զարգացման ռազմավարությունում, որով էլ առաջնորդվում է ամենօրյա աշխատանքում:

«Հանքարդյունաբերությունը, կարելի է ասել, անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի տնտեսությունում, որովհետև տնտեսական տարբեր բաղադրիչներով կապված է մյուս ոլորտների հետ: Փորձում ենք ակտիվացնել նաև այդ տարբեր տնտեսական բաղադրիչները: Հիմա փորձում ենք բիզնեսին փոխանցել, որ տեղում արտադրեն ներկրվող այն բոլոր ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել նաև Հայաստանում: Այսինքն, պետք է լրացուցիչ խթանենք այդ ապրանքների արտադրությունը Հայաստանում, որպեսզի լրացուցիչ տնտեսական էֆեկտ ունենանք»,- արձանագրեց Հովհաննես Հարությունյանը:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1201265?fbclid=IwY2xjawFp9z9leHRuA2FlbQIxMAABHX9Mz0fC000wCxoVieOI_KZ1vAa7q9DJdfoLHU2SphKLhxNA-FspsEX-xA_aem_2iI3z_1icTI4Q_22vrZAaA

  • Կիսվել: