չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ

Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ

Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ: Ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը նշեց, որ պատահական չէ, որ այսօր Ախուրյանի ջրամբարում ունենք մոտ 100 մլն խմ պակաս ջուր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Նույն պատկերն ունենք նաև Արաքս գետի ավազանում: 2012 թվականից սկսած, Թուրքիայի տարածքում ջրամբարների կառուցմամբ պայմանավորված, Արաքս գետի ջրային ռեսուրսները նվազել են 30-40 տոկոսով»,-ասաց Լևոն Ազիզյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ի խոսքով, լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուսրների խոցելիությունը: 1994 թվականից, գրեթե բոլոր տարիներին նկատվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում:

«Քանի որ ջերմաստիճանը բարձր է, լեռնային հատվածներում տեղումները հիմնականում լինում են անձրևի տեսքով: Ունեցել ենք տարիներ, որ մինչև 2000, 2100 մետր բարձրության վրա ձմեռային ամիսներին անձրև է եկել: Ձնակուտակման պրոցեսը քիչ է տեղի ունենում: Համաձայն կանխատեսումների, մենք 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն, նվազում մոտ 15 տոկոսով, 2070 թվականին 20-25 տոկոսով նվազում է կանխատեսվում»,-ասաց Լևոն Ազիզյանը: Մասնագետը հորդորում է ջրի ամեն մի կաթիլը խնայողաբար օգտագործել, աշխարհում մոտ 2 մլրդ մարդ անվտանգ ջրի խնդիր ունի: Նա կարևորեց ուսուցողական ծրագրերն ու միջոցառումները՝ ընդգծելով թե ջրային ռեսուրսների, թե շրջակա միջավայրի պահպանությունը:

Շարունակելով կլիմայի փոփոխության ազդեցության թեման՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նկատեց, որ գրեթե ամեն տարի Երևանում շարունակական գրանցվում է օդի բարձր ջերմաստիճան:

«Մենք շարունակական ունենում ենք +40 և ավելի ջերմաստիճան, բայց Երևանի կլիման այդպես չի եղել: Երբ վերլուծում ենք մինչև 2000 թվականի ցուցանիշները, տեսնում ենք, որ +40 Երևանում հինգ տարին մեկ էր գրանցվում: Դրանից հետո տեսնում ենք, որ մենք ունենում ենք 10, 15, նույնիսկ 2018 թվականին 20 օր շարունակ +40, +41, +42 աստիճան տաքություն: Իհարկե, քաղաքի կանաչապատ տարածքի կրճատումը նույնպես իր ազդեցությունը թողնում է, սակայն այդ երևույթը հանրապետության ամբողջ տարածքում է նկատվում»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Նա ընդգծեց, որ օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացումը բերում է ջրային ռեսուրսների խնդիրների, երաշտների կրկնելիության մեծացման հավանականություն:

  • Կիսվել: