երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը հետաքրքրված է լաստանավ ձեռք բերելու հարցով` որպես Լարսին այլընտրանք. Պապիկյան

Հայաստանը հետաքրքրված է լաստանավ ձեռք բերելու հարցով` որպես Լարսին այլընտրանք. Պապիկյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Վերին Լարս անցակետում առկա թողունակության խնդրին: Նա նշեց, որ Լարսի երկկողմանի թողունակությունն օրական ընդամենը 170 բեռնատար է, մինչդեռ անցակետով օրական 800 բեռնատար է անցնում. «ՌԴ-ն ապրիլ-մայիս ամիսներից նախատեսել է Վերին Լարսի վերակառուցում: Այդ փուլում բեռնատարների թողունակությունն ավելի կթուլանա: Ես կարծում եմ` ժամանակն է, որ մենք մտածենք լաստանավի մասին` որպես այլընտրանքային ուղի»:

Նրա հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Վերին Լարսին այլընտրանք գտնելու համար` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Բյուջեի քննարկման ժամանակ առիթ ունեցել ենք այս հարցին անդրադառնալու: Այն ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, որտեղ արծարծվելու էր նաև այս թեման: Այդ բանակցություններն ընթացել են և շարունակվելու են նաև  նոյեմբերի 18-21-ը Մոսկվայում կայանալիք «Տրանսպորտային շաբաթ» կոչվող միջոցառմանը»:

Նա նաև նշեց, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը նախնական հետաքրքրվածություն է հայտնել, որ ցանկանում է ունենալ 2 լաստանավ:

  • Կիսվել: